Ադրբեջանցիները ներգրավվում են ահաբեկչական խմբավորումների գործողություններին. Կարեն Վրթանեսյան
Բոլոր փաստերը կան այն մասին, որ ադրբեջանցիները մասնակցում են ահաբեկչական զանազան խմբավորումների գործունեությանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» ռազմական լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ հարցի հետ կապված չի նկատել, որ միջազգային հանրությունը հատուկ արձագանքի այս փաստին:
«Իսկ փաստերը հետևյալն են՝ կան կոնկրետ անուններով մարդիկ, ովքեր գնացել են կռվել են Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, ու զոհվել են: Կան բազմաթիվ թե՛ տեսանյութեր, թե՛ լուսանկարներ: Շատ դժվար է հստակ հասկանալ, թե ինչքան մարդ է ներգրավված Ադրբեջանից ներգրավված ահաբեկչական խմբավորումների մեջ, չեմ կարծում, որ նույնիսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունները այդ տվյալներն ունեն»,-ասաց նա:
Կարեն Վրթանեսյանը միաժամանակ ընդգծեց, որ փաստ է՝ խոսքը արդեն հարյուրավոր ադրբեջանցիների մասին է:
«Կորուստները երկու տարում մի քանի տասնյակից արդեն անցնում են: Նշանակում է մասնակիցների քանակը անհամեմատ ավելին է: Նշեմ, որ նաև Ադրբեջանում ձերբակալություններ են իրականացվել հենց այդ կռվողների կամ նրանց հավաքագրող կազմակերպությունների շրջանում»,-ասաց նա:
Կարեն Վրթանեսյանը նաև նշեց, որ Ադրբեջանը պաշտոնապես դեմ է իր քաղաքացիների կողմից ահաբեկչական խմբավորումներին ներգրավվելուն, ինչի համար փորձում են կասեցնել, սահմանափակել հնարավորությունները և պատժել:










