Գյումրիում մոր և դստեր սպանության քրգործով հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ

14:49 • 20.04.15

Գյումրիում դաժանորեն սպանված Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության քրեական  գործով  հարցաքննվել է մի քանի տասնյակ անձ, օրենքով սահմանված կարգով կատարվել մի շարք խուզարկություններ։
 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
 

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ Ալվարդ և Քնարիկ Շահումյանների սպանության, նրանց գույքն ավազակությամբ հափշտակելու դեպքի առթիվ։


Նախնական տվյալների համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 22-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը գույք հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Շահումյանների բնակարան և որպես զենք  օգտագործվող առարկայի՝ կտրող-ծակող գործիքի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ հասցրել Ալվարդ Շահումյանի և նրա մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։



Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 8-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով։


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են տարբեր փորձանմուշներ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն։


Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝  հնարավոր վկաներ հայտնաբերելու,  առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։