ԵԽԽՎ-ում Ցեղասպանության հարցը բարձրացվելու է թե՛ լիագումար նիստում, թե՛ քաղաքական խմբերում. Արփինե Հովհաննիսյան

17:21 • 20.04.15

Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանի պատվիրակության բոլոր անդամները պատրաստվում են բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման հարցը տարբեր ձևաչափերով:
 

«Հարցը բարձրացվելու է թե՛ լիագումար նիստում, թե՛ հանձնաժողովներում և քաղաքական խմբերում:Բացի այդ, այս օրերին ԵԽԽՎ-ում տեղի կունենա ցուցահանդես, որը նվիրված է ցեղասպանությանը: Վստահ եմ նաև, որ ԵԽԽՎ մեր գործընկերները կոնկրետ ձևաչափով կարտահայտեն իրենց դիրքորոշումը ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ»,-ասաց նա և հավելեց, որ առաջիկա օրերին այս ամենի մասին առավել մանրամասն տեղեկություններ կլինեն:
 

Ինչ վերաբերում է ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգին, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ  օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր, ինչպես օրինակ «Իսլամական պետության» կողմից իրականացված գործողությունների հետևանքներին վերաբերող, զանգվածային գաղտնալսումներին վերաբերող զեկույցներն են, և այլ հարցեր: