Էրդողանի կուսակիցը Ցեղասպանությունը ճանաչող քրդամետ կուսակցությանը կոչ է արել նախընտրական քարոզարշավը Հայաստանում անել
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Նուրի Էլիբոլը քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությանը:
Ինչպես տեղեկացնում է Hye Tert կայքը, քաղաքական գործչի քննադատության պատճառը եղել է այն, որ HDP-ն հրաժարվել է ստորագրել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևը քննադատող Թուրքիայի խորհրդարանի հաստատած փաստաթուղթը:
Նա հայտարարել է, թե քրդամետ կուսակցության համանախագահ Աբդուլլահ Դեմիրթաշը Թուրքիայի թշնամին է և համագործակցում է Թուրքիայի հակառակորդների հետ:
«Նա երբեմն առանց զգալու իր իրական դեմքն է ի ցույց դնում: Իրականում նա ահաբեկչական խմբավորման խոսնակ է դարձել: Հայոց ցեղասպանության պնդումներին աջակցություն հայտնելն ինձ չզարմացրեց, քանի որ Դեմիրթաշն ինքը Թուրքիայի թշնամին է: HDP-ն թող գնա և իր քարոզչությունը Հայաստանում իրականացնի»,- ասել է Էրդողանի կուսակիցը:










