ԵՄ խորհուրդը խնդրում է Եվրահանձնաժողովին առաջարկներ ներկայացնել ԵՄ հարևանության քաղաքականության բարեփոխման վերաբերյալ
Լյուքսեմբուրգում երկուշաբթի օրն անցկացվող Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների խորհուրդը կոչ է արել Եվրահանձնաժողովին և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին մինչև 2015 թվականի աշունն առաջարկներ ներկայացնել Եվրոպական հարևանության քաղաքականությունը բարեփոխելու վերաբերյալ, ասված է Եվրոպական հարևանության քաղաքականության խորհրդի եզրակացություններում, գրում է ria.ru-ն:
«Խորհուրդը խնդրում է Բարձրագույն ներկայացուցչին և Եվրահանձնաժողովին մինչև 2015 թվականի աշունը քննարկման ներկայացնել բարեփոխման վերաբերյալ առաջարկներ»,- ասված է փաստաթղթի մեջ:
Եվրամիությունը մինչև հունիսի վերջ խորհրդակցություններ կանցկացնի ԵՄ-ի ներսում անդամ երկրների, ինչպես նաև հարևանության ապագա քաղաքականության վերաբերյալ գործընկերների հետ՝ կապված տարածաշրջանում փոփոխությունների հետ: Այդ մասին Եվրահանձնաժողովը հայտնել էր մարտի սկզբին: Եվրահանձնակատար Յոհանես Հանն այդ ժամանակ ասել էր նաև, որ Եվրամիությունը ցանկանում է զարգացնել Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ երկրների հետ էներգետիկ անվտանգության ոլորտում աշխատանքը:
«Խորհուրդն ընդգծում է Եվրոպական հարևանության քաղաքականության գործընկերների մասնակցությունն ապահովելու անհրաժեշտությունը դրա վերանայման գործընթացին՝ քաղաքականության արդյունավետությունը և դրա անհատական մոտեցումն ավելացնելու նպատակով»,- ասված է եզրակացություններում:










