Գալուստ Սահակյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացմանը
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր Արմավիրի մարզի Փարաքար համայնքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշակոթողի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Օրը փարաքարցիների համար խորհրդանշական էր, քանի որ հենց այդ համայնքում են տասնամյակներ առաջ թուրքական յաթաղանից փրկվածները բնակություն հաստատել
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Հոկտեմբերյանի կարմիր տուֆից կերտված խաչքարը խորհրդանշում է հայ ազգի վերածնունդը և հերթական կոչն է առաջադեմ մարդկությանը՝ ճանաչելու և դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից իրագործված Ցեղասպանությունը:
Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծել է հուշակոթողն ու խնկաբույր աղոթք հնչեցրել առ Աստված: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծաղիկներ ու ծաղկեպսակ է խոնարհել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Խորհրդարանի ղեկավարն իր խոսքում նշել է, որ այս օրերին նման միջոցառումներ կատարվում են ողջ աշխարհում. համայն մարդկությունն է այսօր հայ ժողովրդի կողքին: Մշակութային մեծ արժեքներ կերտող ժողովրդին հնարավոր չէ ընկճել: ԱԺ նախագահի խոսքով՝ 1915-ին մարդկությունը լուռ էր, իսկ 2015-ը ցույց տվեց, որ պետք չէր լռել: Այսօր համայն առաջադեմ մարդկությունն է համախմբվում Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գաղափարի շուրջ, հայ ժողովուրդն այժմ հպարտ, վերընձյուղված ժողովուրդ է և ունի դեպի հավերժություն տանող իր ճանապարհը:










