100 տարի անց Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Toronto Star-ի խմբագրականը

13:14 • 20.04.15

100 տարի անց Հայոց ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը մարդկության խղճի վրա բիծ է եղել, դարի ընթացքում առաջին նման սարսափը, որին դժբախտաբար նման շատ այլ սարսափներ էին հաջորդելու, գրում է կանադական Toronto Star թերթն իր խմբագրականում:

 

Թերթը հիշեցնում է, որ երկրի իշխանությունները ճանաչել են Ցեղասպանությունը, իսկ խորհրդարանն ավելի քան մեկ տասնամյակ առաջ բանաձևեր է ընդունել, որով դատապարտել է մարդկության դեմ ոճրագործությունը:

 

Թերթը գրում է, որ չնայած նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը կարծում էր, որ քչերն են հիշելու հայերի ողբերգությունը, պատմությունն ապացուցեց, որ նա սխալվում էր:

 

«Ժամանակակից Թուրքիան ժողովրդավարական, զարգացած պետություն է և Կանադայի ու ՆԱՏՕ-ի դաշինքի կարևոր դաշնակից: Օսմանյան կայսրությունը վաղուց չկա, և այսօրվա թուրք ժողովրդի ձեռքերն արյունոտ չեն: Մեկ դար անց նրանք պետք է կարողանան հաշտվել անցյալի հետ, որքան էլ դա ցավոտ լինի»,- գրված է հոդվածում:

 

Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները շարունակում են հարձակվել բոլոր նրանց վրա, ովքեր արտասանում են «ցեղասպանություն» բառը, գրում է թերթը: Այս դիրքորոշումը, ինչպես գրում է թերթը, Թուրքիային մշտապես դնում է զոհի կարգավիճակում: Հայերի դեմ Թալեաթ փաշայի և նրա իշխանության արշավը բազմիցս փաստագրված է:

 

Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը, որը մեղավոր չէ մեկ դար առաջ տեղի ունեցած հանցագործությունների համար, պետք է ճանաչի, որ անցյալի հետ հաշտվելու քայքայիչ մերժումը վնասում է երկրի միջազգային հեղինակությունը, գրում է Toronto Star-ը:

 

Ինչպես հիշեցնում է թերթն իր խմբագրականում, Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիային «հաշտվել անցյալի հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հարթել թուրք և հայ ժողովուրդների միջև հաշտեցման ուղին»:

 

«Այդ հաշտեցումը վաղուց է հասունացել: Ժամանակն է նայել պատմության երեսին կամ մշտապես հետապնդվել սարսափելի սխալի պատճառով»,- նշվում է հոդվածում: