Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կախած չէ Հայոց ցեղասպանության հարցից. քաղաքագետ
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համակարծիք չէ հնչող տեսակետներին, որ Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքականության օրակարգի կարևոր հարց դարձնելը վտանգում է հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը։
«Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության հարցը ստորադասելով՝ հայերի հանդեպ թուրքերի քաղաքականությունը որևէ կերպ կփոխվի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Քաղաքագետը հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձեր արվել են նաև նախորդ Նախագահների օրոք, բայց անարդյունք։ Նշենք, որ առաջին Նախագահն էլ այն կարծիքին է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է ստանձնի ո´չ թե հայկական պետությունը, այլ՝ Սփյուռքի լոբբիստական կազմակերպությունները։
«Առաջին Նախագահն էլ փորձել է Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել, և դա արդյունքի չհանգեցրեց։ Իրականում բարելավման փորձեր գոնե երկու անգամ՝ 2003-2004, 2008-2009 թթ-ին եղել են, բայց դրանք հակառակ ազդեցությունն ունեցան, երբ Ցեղասպանության խնդիրը մեջտեղ բերվեց որպես արտաքին քաղաքականության լծակներից մեկը։ Ավելին՝ առաջին Նախագահն իրականում ինքն էր Ցեղասպանության հարցը օրակարգ բերել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը՝ 1997-1998թթ-ին»,-ասաց նա և նկատեց, թե այդ իսկ պատճառով կարծում է, որ այլ տարբերակ հայկական կողմը չունի։
«Կողքի դնելով էմոցիաները և բարոյական խնդիրը՝ պետք է նկատել, որ միակ լծակը, որ ազդում է թուրքերի վրա, Ցեղասպանության խնդիրն է։ Մենք չենք կարող այդ լծակից հրաժարվել, որովհետև մենք այլ լծակներ չունենք»,-ասաց նա։
Իսկ թե դա նոր ագրեսիայի պատճառ չի՞ դառնա Թուրքիայի կողմից՝ Մինասյանը նշեց. «Չեմ կարծում, որ եթե վաղը մենք մոռանանք Ցեղասպանության խնդիրը, Ադրբեջանը կմոռանա արցախյան խնդիրը, կամ Թուրքիան կմոռանա, որ հայերը այլ մոտեցումներ ունեն։ Վերջիվերջո՝ 90-ականներին, երբ Հայաստանը հայտարարել էր, որ Ցեղասպանության հարցը միայն պատմական խնդիր է, Թուրքիան Ադրբեջանին օգնում էր նաև ուղղակի՝ և՛ զենքով, և՛ զինծառայողներով»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե տարբեր երկրներ հայկական հարցը հերթական անգամ որպես գործիք են օգտագործում, Սերգեյ Մինասյանը նշեց. «Մենք պետք է էմոցիոնալ–բարոյական խնդիրները բաժանենք քաղաքականից։ Եթե Հայաստանն է դա օգտագործում որպես լծակ, պարզ է, չէ՞, որ մյուսներն էլ կօգտագորեն։ Մեր խնդիրը նաև փորձելն է մեր շահերը համընկեցնել, օրինակ, առաջին հերթին՝ Եվրոպական երկների շահերին, և այդ լծակը միասին օգտագործել»։










