Պուտինի այցը Հայաստան չի վնասի ռուս-թուրքական հարաբերություններին. Պեսկով

16:43 • 20.04.15

Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով չի ազդի Թուրքիայի հետ ՌԴ հարաբերությունների վրա, կարծում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС գործակալությունը։

 

«Այս դեպքում այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես ինչ-որ բանի վնաս տվող»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում չեն վախենում, որ Երևան նախատեսված այցը կարող է վնասել «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման հեռանկարներին:

 

«Մենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, որոնք ունեն տնտեսական փոխշահավետ համագործակցության շատ ամուր հիմք»,- բացատրել է Պեսկովը: «Բազմաթիվ համաշխարհային խնդիրների վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են»,- հավելել է նա:

 

Ընդ որում՝ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ «միաժամանակ Հայաստանը մեր հարևանն է, երկիր, որի հետ մեզ կապում են բազմաթիվ կապեր»: Ըստ Պեսկովի՝ խոսքը նաև ԵՏՄ անդամակցության, հետագա ինտեգրման հեռանկարների մասին է:

 

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: