ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Եվրամիությանը ներգաղթյալներին ապահովել ապաստանի իրավունքով

10:43 • 20.04.15

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել եվրոպական երկրներին պատերազմից փախչող մարդկանց ապահովել ապաստանի իրավունքով, հաղորդում է ria.ru-ն: Մեկնաբանելով Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների տեղափոխող նավի նավաբեկությունը՝ գլխավոր քարտուղարը Միջերկրական ծովն անվանել է ներգաղթյալների համար ամենավտանգավոր ճանապարհներից մեկը:

 

«Գլխավոր քարտուղարը ցնցված և խորապես վշտացած է Լիբիայի ափերի մոտ աղետի ենթարկված նավի մասին հաղորդագրությունների պատճառով, որը տեղափոխել է 700-ից ավելի ներգաղթյալի և փախստականի: Ողբերգությունն ընդամենը մեկն է անցած շաբաթվա իրադարձությունների շարքում, որոնց ընթացքում հարյուրավոր այլ ներգաղթյալներ և փախստականներ են մահացել»,- ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Կիրակի գիշերը Միջերկրական ծովում նավ է խորտակվել, որով Հյուսիսային Աֆրիկայի երկրներից փախստականները փորձում էին հասնել Իտալիա:

 

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում եվրոպական անդամ պետություններին և Եվրամիությանը կրկնապատկել ջանքերը, որոնք ուղղված են իրենց սահմաններում ապաստան փնտրողների դժվար դրությանն արձագանքելուն»,- ասված է հայտարարության մեջ:

 

Բան Կի Մունի խոսքով՝ պատերազմից և հետապնդումներից փախչող մարդկանց քանակի ռեկորդային աճի հետ մեկտեղ՝ շատերը փորձում են եվրոպական երկրներ հասնել ծովով:

 

«Միջազգային պատասխանը պետք է լինի համապարփակ: Խոսքը ոչ միայն ծովում փրկարարական գործողությունների բարելավման և պաշտպանիչ միջոցների հասանելիության մասին է: Խոսքը ողջ աշխարհում պատերազմներից փախչող մարդկանց ապաստանի իրավունքով ապահովելու մասին է»,- ասված է հայտարարության մեջ: