Երևանում «Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության» համաժողով է անցկացվել

11:23 • 21.04.15

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» սրահում ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կազմակերպած «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համաժողովը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, ՀՀ արդարադատության նախարարության ավագ մասնագետ Արման Սահակյանը:

 

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վ.Շաքարյանն իր ելույթում հիշատակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1948թ-ին ընդունած Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան, որից հետո, սակայն, շատ բան չի փոխվել. աշխարհում ամեն օր նոր ողբերգություններ ու կոտորածներ են իրականացվում:
 

Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը կարևորել է միասնականությամբ արդարության հասնելը, միասնական պայքարը արհավիրքների ու մարդկային ճակատագրերը խեղելու դեմ, իսկ ուժն ու համարձակությունը երիտասարդների ձեռքում են, ովքեր կարող են շատ բան փոխել ցեղասպանությունների ճանաչման և պատժելիության հարցում: 
 

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում բնակվող, սովորող և աշխատող արտասահմանցի ուսանողներ և կամավորներ ԱՄՆ-ից, Լեհաստանից, Իրանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Եգիպտոսից: Մասնակիցներն իրենց ելույթներում քննադատել են ցեղասպանություն հասկացությունը, անցկացրել համեմատականներ Հայոց և այլ ցեղասպանությունների միջև, ներկայացրել իրենց դիրքորոշումը և տեսակետները զանգվածային կոտորածների և դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
 

Համաժողովի ընթացքում ամփոփվել է նաև «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» ծրագիրը, որը մեկնարկել էր սույն թվականի մարտի 1-ին: Շուրջ երկամսյա այս ծրագրի հիմնական նպատակն էր համախմբել աշխարհի տարբեր ծայրերից եկած երիտասարդներին, ովքեր իրենց խոսքով, ելույթներով կքննադատեն ցեղասպանության երևույթն առհասարակ, ինչպես նաև իրենց ուղերձը և կարծիքը կներկայացնեն վերջին 100 տարվա ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների և դրանց չճանաչման կործանարար հետևանքների վերաբերյալ:
 

Համաժողովի ավարտից հետո մասնակիցները և հյուրերը «Թի-Էս-Դի» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի աշխատակիցների հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: