Թուրքիայում հայկական եկեղեցին արժանացել է եվրոպական մշակութային ժառանգության մրցանակին
Թուրքիայի հարավ - արևելքում գտնվող հայկական եկեղեցին արժանացել է ԵՄ-ի Մշակութային ժառանգության մրցանակին: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Խոսքը Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցու մասին է, որը համարվում է Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին: Հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Օսլոյում՝ հունիսի 11-ին:
Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի ղեկավար Էրգյուն Այիքն ասել է, որ այդ եկեղեցին պետք է հռչակվի աշխարհով մեկ: Նա ավելացրել է նաև, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր հավատում, որ եկեղեցու վերականգնումը հնարավոր է: Նա նշել է, որ հիմնականում սփյուռքահայերի այցելությունների շնորհիվ եկեղեցին խրախուսել է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացումը:
Եկեղեցին կառուցվել է 1376-ին, վերականգնվել 2011-ին:










