Արևմտյան Հայաստանից տեսարաններ՝ The New York Times-ի Instagram-ի էջում (լուսանկարներ)
Ամերիկյան հեղինակավոր պարբերականներից մեկը՝ The New York Times-ը, Instagram սոցկայքի իր էջում լուսանկարներ է տեղադրել Արևմտյան Հայաստանից, մասնավորապես՝ Վանա լճի, Աղթամար կղզու, Սուրբ Կիրակոս եկեղեցու լուսանկարները։ Յուրաքանչյուր լուսանկար ուղեկցվում է այդ վայրի և Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանության մասին գրառումներով։
Վանա լճի տեսարանը ներկայացնող լուսանկարի կողքին գրված է՝ բրիտանացի պատմաբանները նշում են, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է 1915թ. ապրիլի 19-ին։ Մոտ 1.5 մլն մարդ սպանվել է Օսմանյան կայսրության ձեռքով, մինչ օրս Թուրքիան չի ընդունում այդ մեղքը։
Հաջորդ լուսանկարում պատկերված են քրիստոնյա կանայք Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցում՝ Զատկի օրվա պատարագին։ Եկեղեցին, որը փակվել էր 1915-ին, վերաբացվել է 2011-ին։ Վանքի վերանորոգմանն աջակցել է հիմնականում քրդական համայնքի ղեկավարությունը։
Լուսանկարների հեղինակը, ով ներկայանում է @bdentonphoto անունով, նշում է, որ Թուրքիայում շատերը չեն ցանկանում խոսել այդ դեպքերի մասին։ Հեղինակը ներկայացնում է նաև լուսանկարներ, որոնցում Անիի ավերակներն են, Դիարբեքիրում գտնվող լքված վանքերից մեկը և Աղթամար կղզին։
Բոլոր լուսանկարներն այստեղ։










