«Շողակն» ժողովրդական համույթը Երևանում հանդես կգա համերգով
Աշխարհահռչակ «Շողակն» համույթը մենահամերգով հանդես կգա Երևանում` մայիսի 22-ին, ժ. 20.00` Բաղրամյան 17 հասցեում գտնվող «32 Թատրոնում»:
«Շողակն» համույթի երգն ու երաժշտությունն ավանդական է, մաքուր, հարուստ, բազմագույն և զգացմունքային: Համույթն այսօր աշխարհին է ներկայացնում պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգն ու երաժշտությունը՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի հանդեպ կոմիտասյան ավանդույթների պահպանման և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործը:
«Շողակն» համույթը հիմնադրվել է 1995թ.՝ Երևանում: Համույթը կատարում է հայ ավանդական երաժշտություն՝ ներկայացնելով ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ և դափ:
Շողակն համույթի երաժիշտներն են՝ ՀՀ ժողովրդական արտիստներ Գևորգ Դաբաղյանը /դուդուկ, զուռնա/, Հասմիկ Հարությունյանը /վոկալ, ուդ/, Կարինե Հովհաննիսյանը /քանոն/, Լևոն Թևանյանը /շվի, թավ շվի, բլուլ/, Վարդան Բաղդասարյանը /քամանչա/, ինչպես նաև՝ Ալեքսան Հարությունյանը /վոկալ, դափ/, Կամո Խաչատրյանը /դհոլ/ և Գրիգոր Թաքուշյանը /դուդուկ դամ/:
Համույթը մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ-ում՝ կատարողական բարձր մակարդակով ներկայացնելով հայ ժողովրդական և գուսանական արվեստը:
2000թ.-ից «Շողակն» համույթն ակտիվ շրջագայում է համերգներով՝ հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում և փառատոներում, ինչպիսիք են «Սմիթսոնյան Մետաքսի ճանապարհ» /ԱՄՆ/, «Ռուդոլշտադտ» /Գերմանիա/, «Theatre de la Ville» /Փարիզ/:
2004 և 2008 թթ. «Շողակնը» համերգային շրջագայություն է ունեցել ԱՄՆ-ում, մենահամերգներով հանդես է եկել «Carnegie Hall», «Kimmel Center» դահլիճներում: Անսամբլի երաժիշտների բարձրարվեստ և ինքնատիպ կատարումներն ընդգրկվել են Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում: 2014թ. «Շողակն» համույթը նաև համերգներ է ունեցել Շվեյցարիայում և Պորտուգալիայում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան կենտրոնում:
«Շողակն» համույթը և մենակատարները ամերիկյան «Traditional Crossroads» և շվեյցարական «Face Music» ընկերությունների հետ համատեղ թողարկել են բազմաթիվ ձայներիզներ, որոնք իրենց տեսակի մեջ լավագույններից են, արժանացել են միջազգային և հայաստանյան հեղինակավոր մրցանակների և աշխարհում մեծ ճանաչում ունեն:










