Արտասահմանյան հեղինակավոր լրատվամիջոցները երևանյան դեպքերի մասին
Համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային:
Associated Press գործակալությունը հայտնում է, որ Երևանում ոստիկանությունն ուժով ցրել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներին՝ ձերբակալելով ավելի քան 200 մարդու:
«Ցույցի և այն ցրելու մասշտաբներն արտացոլում են Հայաստանում վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ամենալուրջ անկարգությունները՝ մտահոգություններ առաջացնելով ռուսական ռազմաբազան տեղակայած և Մոսկվայի կողմից գլխավորած տնտեսական դաշինքի (նկատի ունի Եվրասիական տնտեսական միությունը- Tert.am) անդամ հանդիսացող երկրում քաղաքական կայունության մասին»,- գրում է գործակալությունը։
Ռուսական ընկերությունները ղեկավարում են ՀՀ-ի ամենաարժեքավոր տնտեսական ակտիվները, ներառյալ՝ երկրի էներգետիկ համակարգը, որի սակագնի բարձրացումն էլ ցույցի պատճառ է դարձել, նշում է AP-ն:
Գործակալությունը նաև գրում է, որ ցույցը կազմակերպել են վերջերս տրանսպորտի սակագնի թանկացումը թույլ չտված ակտիվիստները:
Reuters գործակալությունը, իր հերթին, նշում է, որ ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշման դեմ ցույցի մասնակիցներին ցրելու համար: Գործակալությունը գրում է, որ ցույցը կազմակերպել են երիտասարդ ակտիվիստները, որոնք կապ չունեն որևէ քաղաքական կուսակցության հետ:
Հայաստանի վրա բացասական ազդեցություն է թողել Ռուսաստանում տնտեսական անկումը, որը վնասել է արտահանմանը և հայ աշխատողների ուղարկած դրամային փոխանցումներին, հիշեցնում է գործակալությունը:
Agence France Presse-ի լրագրողը Երևանում նույնպես գրել է ջրցան մեքենաների մասին: Կայքը գրում է, որ երկուշաբթի օրը մոտ 4.000 ցուցարար երթով շարժվել է դեպի նախագահական նստավայր՝ իր բողոքն արտահայտելու համար: Մի քանի հարյուր մարդ մնացել է գիշերելու՝ նստացույց անելով և արգելափակելով երթևեկությունը:
Գործակալությունը նշում է, որ տասնյակ մարդիկ ձերբակալվել են, և քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծի են ենթարկել լրագրողներին՝ ոչնչացնելով կամ առգրավելով նրանց տեխնիկան: Կայքը նույնպես հիշեցնում է, որ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն է թողել երկրի վրա:
Բրիտանական BBC-ն նշում է 5.000 ցուցարարի մասին և գրում կատաղի բախումների մասին։
BBC-ի Հարավային Կովկասի հարցերով լրագրող Ռայան Դեմիտրին նշում է, որ «Հայաստանի էլեկտրացանցերը» պատկանում է ռուսական ընկերությանը, որն ասում է, որ գների բարձրացումն անհրաժեշտություն է: Նա հավելում է, որ վերջին շաբաթների ընթացքում մի շարք ցույցեր են եղել Երևանում, որոնք արտահայտում են հանրային դժգոհությունը երկրի անկայուն տնտեսության առումով։
BBC-ն նաև վկայակոչում է Reuters-ին և նշում, որ ցույցը կազմակերպել են երիտասարդ ակտիվիստները, ովքեր կապ չունեն քաղաքական կուսակցությունների հետ: BBC-ն նաև նշում է, որ նմանատիպ ցույց է կազմակերպվել նաև Գյումրի քաղաքում, որտեղ 12 մարդ է ձերբակալվել:












