«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան (տեսանյութ)

20:56 • 01.11.26

«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ստեփանավանցիներ.

Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները: Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք. 1. Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին. 2. Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն. 3. Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը. 4. Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն. 5. Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին. 6. Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:

Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են»,- նշել է նա։