«Նաիրիտ»-ի արհմիության նախագահը բացատրում է, թե ինչու են նաիրիտցիները պահանջում բոլորի գումարները վճարել միասին
«Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը Tert.am-ի հետ զրույցում բացատրեց, թե ինչու են շարունակում նաիրիտցիները բողոքել և ցույցերի դուրս գալ, եթե Կառավարությունն արդեն հատկացրել է գումարը:
Ըստ նրա՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից առաջարկ կար, որ հուլիսի 11-ից վճարումներ կատարեին մասնակի, այսինքն՝ որոշակի խմբաքանակով, ինչին նաիրիտցիները չհամաձայնվեցին: «Այսինքն՝ պետք է շաբաթ օրը 200 աշխատողի վճարեին պարտքը, երկուշաբթի օրը ևս 300 հոգու և խմբերով մի քանի օրվա մեջ պարտքը բոլորի մարեին, բայց մարդիկ չհամաձայնվեցին առանձին-առանձին տալ, ասացին, չէ ուզում ենք բոլորիս միասին վճարվի մեկ օրվա մեջ»,- ասաց նա և բացատրեց, թե մտավախություն ունեն, որ մի մասին կվճարեն, իսկ մյուս մասի գումարները հետո խոստացված ժամկետից կուշացնեին:
«Այդպես միտինգավորների քանակը կպակասեր, ու մի խումբը մենակ կմնար ու ոչինչ չէին կարող անել: Ինչպես ասում են՝ կթուլացնեին ուժը և այդ մտավախությունից ելնելով որոշվեցին, որ ամբողջությամբ բոլորին մի օրվա մեջ տան»,- ասաց նա:
Ըստ նրա, գումարը կա և միայն թղթաբանության հարցն է մնում և որոշվել է բոլորին վճարել միասին, բայց մի քանի օր ուշ:
«Ներկայացված համաձայնության պայմանագիրն արդեն ստորագրում են և այս պահի դրությամբ արդեն 200 հոգի ստորագել են, օրերի գրաֆիկով ամեն արտադրամասից մոտ 300 մարդ կգնա կստորագրի, կավարտվի ստորագրման գործընթացը և երկու օրվա մեջ արդեն գումարը կվճարվի»,- ասաց նա:










