Չկա վերադարձ 1988-ի կամ 1991-ի սահմաններին, չկա ու չի լինելու. Դ. Բաբայանը՝ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման մասին
Ողջունելի է, երբ ցանկացած քաղաքական գործիչ, դիվանագետ հայտարարում է, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե Ստեփանակերտի փաստացի իշխանությունների ձայնը պետք է տեղ գտնի համապարփակ կարգավորման մեջ, ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Մենք այդ մասնակցությունը դիտարկում ենք հետևյալ ձևով՝ պետք է մասնակցենք ողջ գործընթացին՝ սկսած քննարկումներից, մտքերի փոխանակումից, մինչև փաստաթղթերի պատրաստումը և դրանց իրականացումը»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանն ասում է, որ տրամաբանական չէ, երբ իրականացվում է ինչ-որ մի գործընթաց, որին ԼՂՀ-ն մասնակից չի լինում: Հետևաբար, ըստ նրա, բանակցային գործընթացը պետք է լինի համապարփակ բոլոր առումներով. «Այսինքն՝ մենք պետք է բոլոր փուլերին մասնակցենք, սա է մեր մոտեցումը»:
Նշենք, որ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջեյմս Ուորլիքն ասել էր, թե Հայաստանը տարածքներ չի վերադարձնի՝ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների: Արձագանքելով այս հայտարարությանը, Դավիթ Բաբայանն ասաց, թե Հայաստանը որևէ տարածք չի պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին:
«Դրա համար մենք ասում ենք, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը պետք է վերականգնվի: Մենք հասկանում ենք, որ երկու կարևորագույն խնդիր կա. մեկն Արցախի Հանրապետության կարգավիճակն է, մյուսը՝ սահմանների խնդիրը: Մենք անկեղծ ենք այս հարցում, մենք ասում ենք, որ անցյալին վերադարձ չկա՝ լինի դա կարգավիճակի առումով, թե՝ սահմանի: Արցախի անկախությունը սակարկության ենթակա չէ: Արցախը չի եղել ու չի էլ լինելու Ադրբեջանի մաս: Չկա վերադարձ 1988-ի կամ 1991-ի սահմաններին, չկա ու չի լինելու: Սա ոչ թե ամբիցիաների կամ աշխարհաքաղաքական աննորմալ զարգացումների ու գաղափարների արդյունք է, այլ սրանք անվտանգության դասական ամենանվազագույն պայմաններն են: Անհնար է նույնիսկ պատկերացնել, որ Ադրբեջանը պետք է վերահսկի Բերձորը, Քարվաճառը, երբ Քարվաճառում սկիզբ են առնում մեր բոլոր ջրային պաշարները»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը
Նա ասաց, թե 1988 և 1991 թվականների սահմանները շատ գայթակղիչ են թշնամու համար՝ ագրեսիա իրականացնելու և հարցը ռազմական ճանապարհով կարգավորելու:
«Ադրբեջանը մեզանից տարածքներ է պահանջում, բայց մենք էլ տարածքներ ունենք, որ Ադրբեջանի կողմից բռնազավթված է: Բացի դրանից, Ադրբեջանը պահանջում է այնպիսի տարածքներ, որ եթե ԼՂՀ-ն դրանք տա, ապա կկորցնի ներկայիս տարածքի 70%-ը: Ի վերջո, մենք պայքարում ենք մեր կյանքի, մեր անվտանգության համար, ոչ թե ամբիցիաների, որ իրականացնում է Ադրբեջանը»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Օրեր առաջ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին և ասել, թե ժամանակն է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
«Շատ կուզենայինք, որ լիներ ակտիվացում, բայց լավատեսության հիմք չունենք. նախևառաջ բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնված չէ, բացի այդ էլ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը»,- արձագանքեց Դավիթ Բաբայանը:
Եզրափակելով խոսքը՝ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ասաց, թե ողջունելի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկություն են հայտնում, որ տարածաշրջանում կայունություն լինի, և որ ամենակարևորն է՝ խաղաղ կարգավորման վրա են շեշտը դնում և ընդգծում, որ որևէ կողմի վրա որևէ ճնշում չի լինելու:










