Եվրախորհրդարանն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը դատապարտող բանաձև է ընդունել

17:03 • 10.09.15

Եվրախորհրդարանում այսօր Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների հետ կապված լսումներ են տեղի ունեցել։

 

Լսումների ընթացքում ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների խնդիրներին, Ադրբեջանում օրենքի գերակայության պահպանման անհրաժեշտությանը։

 

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է նաև քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։ Նշվում է, որ  խախտվում են լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատություններն ու իրավունքները։

 

Փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

 

Հակառակ դեպքում՝ Եվրախորհրդարանը սպառնում է դիտորդներ չուղարկել Ադրբեջանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին (կայանալու են նոյեմբերին- Խմբ.)։