Կրեմլը փորձում է օգտագործել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև վեճը՝ հույս ունենալով իր ազդեցության ոլորտ վերադարձնել Բաքվին. ռուս քաղաքագետ
Քաղաքական գիտությունների թեկնածու, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ, Deutsche Welle-ի սյունակագիր Իվան Պրեոբրաժենսկին իր հերթական հոդվածում գրում է, որ Կրեմլը փորձում է որքան հնարավոր է ակտիվ օգտագործել Ադրբեջանի և Եվրամիության վեճը՝ հույս ունենալով իր ազդեցության ոլորտ վերադարձնել Բաքվին։
Եվրախորհրդարանի ընդունած քննադատական բանաձևից վիրավորվելով՝ պաշտոնական Բաքուն սպառնացել է ԵՄ-ին դուրս գալ «Արևելյան գործընկերություն» ծրագրից։ ԵՄ-ից Ադրբեջանի հեռանալը ձեռնտու է Ռուսաստանին, կարծում է քաղաքագետը։
Կրեմլը պատրաստակամորեն որոշել է լրացնել ստեղծված դիվանագիտական վակուումը, քանի որ դա կօգնի իրեն միաժամանակ 2 կարևոր արտաքին քաղաքական նպատակների հասնել, գրում է հեղինակը։
Առաջինը՝ թույլ չտալ ղարաբաղյան հակամարտության «թեժացում», որը պատրաստ է դուրս գալ սառեցված վիճակից։ Լայնածավալ պատերազմը Կովկասում այսօր Մոսկվայի շահերից չի բխում։ Դրանով էլ բացատրվում է, առաջին հերթին, Կրեմլի դիվանագիտական ակտիվության կտրուկ աճը Հայաստանում և Ադրբեջանում։
Մոսկվայի 2-րդ նպատակն է անհրաժեշտության դեպքում ապահովել տարանցիկություն դեպի Սիրիա՝ Ադրբեջանի ցամաքային և օդային տարածքով։ Սիրիական գործողությունն աստիճանաբար դառնում է Ռուսաստանի ռազմաքաղաքական գլխավոր հաղթաթղթերից մեկը, և այն անհրաժեշտ է առավելագույնը հետ պահել անհաջողությունից։
Այդ պատճառով էլ Կրեմլը փորձում է որքան հնարավոր է ակտիվ օգտագործել Ադրբեջանի և ԵՄ-ի վեճը՝ հույս ունենալով Բաքուն վերադարձնել իր ազդեցության ոլորտ։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պլանի առաջարկը և մասնակի կատարումը Ռուսաստանի համար կատարյալ գործիք է այդ աշխատանքում։
Ռուս քաղաքագետը խոսում է նաև այն փոխզիջումային տարբերակի մասին, որը Ռուսաստանը կարող էր առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս սեպտեմբերի կեսերին այցելել էր Մոսկվա։
Ամենայն հավանականությամբ, վերջին տարիների «բաղադրատոմսը» շատ չի փոխվել։ Խոսքը վիճելի տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին է, սակայն ոչ բոլորը, այլ միայն 5-ը, այն էլ՝ աստիճանաբար։ Հայաստանը 2-ն առանց որևէ լուրջ երաշխիքի երբեք չի վերադարձնի, քանի որ դրանք «կամրջակ» են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև։
Պրեոբրաժենսկու կարծիքով՝ փոխարենը կառաջարկվեն ուղղակի և անուղղակի փոխհատուցումներ, Ռուսաստանից նոր ռազմական երաշխիքներ։ Հնարավոր է, որպես տարբերակ, ռուսական բազաների ստեղծման բարդ սխեմա ոչ միայն Հայաստանում, այլև՝ Ադրբեջանում, օրինակ՝ բեռները Սիրիա տեղափոխելու տարանցիկ կետի տեսքով։
Մոսկվայում շատ ուրախ կլինեին իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ դա ոչ միայն թույլ կտար վերահսկողություն սահմանել ամբողջ Անդրկովկասում, այլև այն կվերածեր սիրիական գործողությունների համար կատարյալ բազայի։ Առհասարակ, միայն այդ պատրվակով կարելի կլիներ առաջարկել բազա Ադբրեջանում՝ չստանալով ԱՄՆ-ի խիստ հակազդեցությունը։
Հեղինակը նշում է, որ պլանը կատարյալ որոշում կլիներ։ Ղարաբաղյան հակամարտությունը կրկին սառեցվում է, սակայն չի լուծվում, մեծանում է Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում, ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ միայն աճում, գրում է հեղինակը։










