Իսպանիայում սկսվել է արքայադստեր դեմ դատը
Իսպանիայի արքայադուստր Քրիստինան կդառնա երկրի պատմության մեջ արքայական ընտանիքի առաջին անդամը, ով կկանգնի դատարանի առաջ։
Ինչպես նշում է euromag.ru-ն, Իսպանիայի թագավոր Ֆելիպեի քույրը մեղադրվում է հարկերի վճարումից խուսափելու ու պետական միջոցների լվացման համար: Հայտնի է, որ արքայադուստրն ապօրինի գործողություններն իրականացրել է ամուսնու հետ: Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ դատական գործում, բացի արքայադուստր Քրիստինայից ու նրա ամուսնուց, կա ևս 16 կասկածյալ, ովքեր հերքում են իրենց մեղքը:
Արքայադստեր ամուսնու` Ինյակի Ուրդանգարինի ոչ առևտրային ընկերությունը շահել է ուռճացված գներով ծառայությունների մատուցման տարածաշրջանային տենդերները, ինչից հետո ավելացած գումարները փոխանցվել են խաբեության մասնակիցների հաշվեհամարներին։
Հայտնի է, որ արքայադստեր ամուսնու ընկերությունն այս տարբերակով պետբյուջեից ստացել է 5.6 մլն եվրո։










