Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանը քննում է վնասազերծված հանցախմբի անդամների կալանքի երկարաձգման հարցը
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս պահին քննարկվում է Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամների կալանքի երկարաձգման հարցը:
Նշենք, որ արդեն իսկ երկու ամսով երկարաձգվել է նրանցից մեկի՝ Մարինե Կաթանյանի կալանքի ժամկետը:
Քիչ անց նախատեսվում է նաև Ասյա Մկրտչյանի և Խաչիկ Ավետիսյանի խափանման միջոց կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։
Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:
Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով։
Հիշեցնենք նաև, որ նույն գործով կալանավորվել էին ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը։










