ՌԴ Պետդումայում առաջարկել են անջատել ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների ինտերնետը
ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության փոխնախագահ Օլեգ Նիլովը հարցում է ուղարկել արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով անջատել ինտերնետն այն տարածքներում, որոնք վերահսկվում են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից։
«Խնդրում եմ քննարկել միջազգային հարթակում ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքների ինտերնետն անջատելու հնարավորությունը»,-ասված է հարցման մեջ։
Նիլովի խոսքով՝ նման տեխնիկական հնարավորություն ունի ԱՄՆ-ն, որտեղ տեղակայված են հիմնական DNS-սերվերները։
«2014 թվականին մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԱՄՆ-ն ստիպված է Հյուսիսային Կորեային համարժեք պատասխան տալ՝ Sony Pictures-ի վրա իրականացված կիբեռհարձակման համար, որի ընթացքում գողացվել էին ստուդիայի կորպորատիվ տվյալները՝ ներառյալ սցենարներն ու նոր նախագծերի նյութերը, ինչպես նաև աշխատակիցների անձնական տվյալները։ Շուտով Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում համացանցի խափանում տեղի ունեցավ, և ցանցը փաստացի անջատվեց»,-հիշեցրել է Նիլովը։
Պատգամավորը կարծում է, որ ԻՊ-ին ինտերնետից կտրելը կխանգարի զինյալներին համակարգել գործողությունները, զբաղվել մարդկանց հավաքագրմամբ, ինչպես նաև ֆինանսական գործունեություն ծավալել։










