Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբավորման անդամներից մեկը՝ Լիլիթ Թորոսյանը, ազատ է արձակվել
Նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբավորման անդամներից մեկը՝ Լիլիթ Թորոսյանը, ազատ է արձակվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Թորոսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
«Կալանքը որպես խափանման միջոցը փոխվել է: Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,-ասաց Գեղամ Հակոբյանը:
Նշենք, որ զինված խմբի գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։
Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:
Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով։
Գործով ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։










