Իսպանիայում երկրաշարժի հետևանքով առնվազն 26 մարդ է տուժել

19:09 • 25.01.16

Ալբորան ծովում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 26 մարդ: Մարոկկոյում մահացել է 12-ամյա դեռահաս սրտի կաթվածից, որը սկսվել է երկրաշարժի ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն:

Ամենաուժեղը երկրաշարժը զգացվել է իսպանական Մելիլյե շրջանում` Աֆրիկայի հյուսիսում, ինչպես նաև Մալագայում և Գրանադայում: Ցնցումները զգացել են նաև Կադիսի, Կորդովայի, Սևիլյայի, Ալմերիի և Ուելվայի բնակիչները: Բավականին ուժգին ցնցումներ զգացվել են նաև Մարոկկոյում` հիմնականում Նադորում և Ռաբաթում:

Իսպանական Antena 3 հեռուստաալիքը հայտնում է, որ Մարոկկոյի Էլ Խոսեյմա քաղաքում մահացել է 12-ամյա դեռահաս: Երկրաշարժի պահին նրա մոտ սրտի նոպա է սկսվել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրան:

Համաձայն վերջին տվյալների` Մելիլյայի 26 բնակիչներ աննշան վնասվածքներ և վիրավորումներ են ստացել: Նրանք բոլորը դիմել են բուժօգնության համար: Տուժածներից ոչ ոք չի հոսպիտալացվել:

Մելիլյայի կենտրոնում վնասվել են մի շարք տներ: Որոշ պետհաստատություններ փակվել են: Չեն գործում դպրոցները:

Որոշ բնակիչներ դեռ չեն համարձակվում վերադառնալ իրենց տները: Փրկարարական ծառայությունները խորհուրդ են տվել բնակիչներին խուսափել ավտոմեքենայով ճանապարհորդություններից, որպեսզի չխանգարեն իրենց աշխատանքներին:

 

Իսպանիայում երկրաշարժի հետևանքով առնվազն 26 մարդ է տուժել