ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է հնարավորություն տրվի ՝ շարունակել ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու առաքելությունը. Ջոն Հաուեր

14:09 • 26.01.16

ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացը կարգավորելու առաքելությունը: Այս մասին ԵԽԽՎ-ում ընթացող լիագումար նիստում հայտարարեց Վեհաժողովի Պահպանողականների խմբի անդամ Ջոն Հաուերն՝ անդրադառնալով շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցներին:


«Երեկ այստեղ խոսում էինք հակամարտության մշտական օջախների մասին ու չնշեցինք Ղարաբաղի անունը: Եվրոպան կպարտվի, եթե միասնական չլինի»,- նշեց Ջոն Հաուերը:


Անդրադառնալով հակահայ զեկույցներից մեկի հեղինակ՝ Միլիցա Մարկովիչի հայտարարությանը, թե ինքը հարգում է Մինսկի խմբի գործունեությունը, բայց ԵԽԽՎ-ն չի կարող «աչք փակել» հարցի վրա, Հաուերը նկատեց. «Ես գիտակցորեն եմ մոտենում այն հայտարարությանը, որ ասվում է, թե ԼՂ հակամարտության հարցում առաջընթացը վերջին քսան տարիներին դանղաղ է գրանցվում: Բայց եկեք չմոռանանք, որ Մինսկի խումբը գրանցել է նաև հաջողություններ: Հենց Մինսկի խմբի շրջանակներում է, որ պետք է հնարավորություն տրվի լուծել հարցը, Մինսկի խմբին պետք է տրվի հնարավորություն՝ շարունակելու գործընթացը: Մենք այստեղ չենք հավաքվել, որ կասկածենք՝ ինչու է ստեղծվել Մինսկի խումբը կամ ինչպես պետք է լուծեն կողմերը հակամարտությունը»:


ԵԽԽՎ պատգամավորը շեշտեց, որ վստահ չէ, թե ՄԽ գործունեությանը նպաստում է համանախագահ Ռուսաստանը: «Ռուսաստանը հակամարտության կողմերի հետ հանդիպումներ է ունենում, այն էլ՝ առանց մյուս համանախագահ երկրների: Պետք է ապահովել գործունության շարունակություն՝ հարցը խաղաղ լուծելու hամար: Դիվանագիտության անիվները դանդաղ են պտտվում, որովհետև պետք է կազմել կոնստրուկտիվ, ազնիվ բանակցություններ: Ես մտահոգված եմ շփման գծում տեղի ունեցածով: Պետք է լինի համագործակցություն, ոչ թե լարվածություն»,- եզրափակեց Ջոն Հաուերը:
 

ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է հնարավորություն տրվի ՝ շարունակել ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու առաքելությունը. Ջոն Հաուեր