Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամ Արման Հայրապետյանն ազատ է արձակվել

21:23 • 26.01.16

Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի անդամներից Արման Հայրապետյանն այսօր ազատ է արձակվել:  

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Հերմինե Միքայելյանը: «Խափանման միջոցը փոխվել է: Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»,-հաղորդեց Հերմինե Բաղդասարյանը:

Նշենք, որ երեկ ազատ էին արձակվել նաև նույն գործով անցնող ևս 5 հոգի՝ Լիլիթ Թորոսյանը, Նելլի Մինասյանը,  Հայկ և Հրանտ Վարդանյանները, Սրբուհի Այվազյանը: 

Նշենք նաև, որ զինված խմբի գործով նախաքննությունը շարունակվում է և նրանցից մի քանիսի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվել էր: 

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ էր հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված էին եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել էին:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։

Գործով ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։


 

Նորք Մարաշում վնասազերծված խմբի անդամ Արման Հայրապետյանն ազատ է արձակվել