Ավստրիան կսահմանափակի երկրում փախստականների գտնվելու ժամկետը երեք տարով
Ավստրիայում մնալ ցանկացող փախստականներին նույնականացման քարտ կտրամադրվի երեք տարի ժամկետով, իսկ դրանից հետո ներգաղթյալները ստիպված կլինեն կամ հիմնավորել այդտեղ գտնվելու անհրաժեշտությունը կամ հեռանալ երկրից։ Համապատասխան որոշումը երեքշաբթի օրը կայացրել է Ավստրիայի նախարարների խորհուրդը, գրում է РИА Новости-ն:
Այսպես կոչված՝ «ժամանակավոր փախստականի» նախագիծը քննարկվել է միջոցների շրջանակներում, որոնք Ավստրիայի իշխանությունները որոշել են ձեռնարկել երկրում փախստականների թիվը կրճատելու համար։ Երկրի ղեկավարության պլաններում է վերադառնալ տարեկան 30 հազար փախստականի ցուցանիշին։
Ակնկալվում է, որ դա կանդրադառնա անցած տարվա նոյեմբերի 15-ից դիմում ներկայացրած բոլոր փախստականների վրա։ Ավստրիայի իշխանությունները տարին մեկ անգամ ստուգելու են ապաստանի համար դիմած փախստականների ծագման երկրում իրավիճակը և այդ ստուգումների արդյունքներով որոշում են կայացնելու արտահանձնման կամ կարգավիճակի երկարաձգման մասին:
Նախարարները նաև խստացրել են երկիր ժամանողների համար ընտանիքի վերամիավորման կանոնները։










