ՀՀ-ն վերջին տարիներին լուրջ աշխատանք է իրականացրել ՀԱՊԿ-ի դերակատարումն ամրապնդելու առումով. Ս. Օհանյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիարժեք անդամ Հայաստանը վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է իրականացրել ՀԱՊԿ-ի դերակատարումը և ռազմական և քաղաքական առումով ամրապնդելու համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ ասուլիսին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Հատկապես մեզ վերաբերող մասով մենք լուրջ աշխատել ենք ռազմական պոտենցիալի ու ռազմական մասի կատարելագործման ուղղությամբ: Մեր առաջարկներով բազմաթիվ համակարգեր և նաև ուժեր են ձևավորվել, և նաև մեր առաջարկով է, որ ձևավորվել է նաև ռազմական կոմիտե։ Հիմա միջոցառումներ են ծավալվում ուժերի և միջոցների հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ հնարավորությունների ընդլայնումը վերաբերում է նաև խաղաղապահ ուժերի ընդլայնմանը:
Նախարարը նշեց, որ ՀԱՊԿ-ը ուզում է տեսնել որպես լիարժեք հզոր ռազմաքաղաքական կառույց, որը հատկապես կաջակցի ՀԱՊԿ-ի հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանին:
«Կարելի է ասել, որ հիմա մենք այդ ճանապարհի վրա ենք»,-նշեց նախարարը։
Ի պատասխան հարցի, որ ՀՀ պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանը վերջերս հայտարարել էր, որ Իրանի՝ սանկցիաների դուրս գալուց հետո հնարավոր է ռազմավարական համագործակցություն Իրանի հետ, նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Իրանի հետ ՀՀ ռազմական համագործակցությունը մինչ այս եղել է մարդասիրական, նյութատեխնիական, նաև փորձի փոխանակման ոլորտներում, իսկ հիմա պլանավորում են անցնել ռազմավարականին, ինչը նշանակում է լիարժեք համագործակցություն, որը կներառի համագործակցության բոլոր ուղղությունները:










