Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ողջ պատմության վրա. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այսօր ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հարց տվեց, թե հետևում է արդյոք նախարարը, թե զոհված զինծառայողների ընտանիքներին սոցիալական որևէ օժանդակություն ցուցաբերվում է, և թե ինչպես է պատահում, որ սահմանին զոհվում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, ոչ թե պաշտոնյաների և մեծահարուստների:
«Վերջին տարիներին մենք բավական լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկել զորակոչի արդարացի և ազնիվ անցկացման ուղղությամբ՝ ողջ գործընթացում՝ նախազորակոչային տարիքից մինչև հավաքակայան: Զինված ուժերում ուշադրություն չենք դարձնում, թե նրանք որ ընտանիքներից են, նրանց բաշխումն իրականացվում է ըստ իրենց կարողությունների, առաջինը՝ կրթական ցենզի, երկրորդը՝ ըստ ֆիզիկական և առողջական հատկանիշների, նաև սոցիալական խնդիրները հաշվի առնելով; Ցավոք, վերջին տարիներին այդպես է ստացվում, որ այդ հանգամանքը կա»,- պատասխանեց նախարարը:
Անդրադառնալով կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը, Սեյրան Օհանյանն ասաց, թե այս սպանության գործը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և ինստիտուտի ղեկավարության աշխատանքի վրա:
«Ռազմական ինստիտուտն իր առջև դրված խնդիրներն իրականացրել է. եթե ինստիտուտը չիրականացներ, մենք չէինք կարող զինված ուժերն ապահովվել համապատասխան հրամանատարական կազմով: Ցավոք, այսպիսի կատարյալ կառույցներում էլ են լինում ցավալի երևույթներ և բացթողումներ: Այդ բացթողման շուրջ մենք համապատասխան որոշում ընդունել ենք: Պաշտպանության նախարարի հրամանով անցկացրած ծառայողական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձինք ենք պատժվել, ազատվել: Հարցն այսօր իրավական դաշտում է, համապատասխան գործունեություն ծավալվում է, մենք հետևում ենք, որ մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և պատժվեն»,-ընդգծեց պաշտպանության նախարարը:










