Չիլիում Պինոչետի ռեժիմի զոհերի ընտանիքներին 1.3 մլն դոլար փոխհատուցում կվճարեն

12:08 • 27.01.16

Չիլիի Գերագույն դատարանը պարտավորեցրել է պետությանը փոխհատուցում վճարել նախկին բռնապետ Աուգուստո Պինոչետի ռեժիմի զոհերի ընտանիքներին, գումարի ընդհանուր չափը կազմում է մոտ 1.3 մլն դոլար, գրում է РИА Новости-ն:

 

Տվյալ գումարը կբաժանվի 1973 և 1974 թվականներին անհետացած կամ մահացած 4 մարդկանց ընտանիքների միջև։ Ամենամեծ գումարը` 975.000 դոլար, չիլիական պետությունը կվճարի Միգել և Հիլբերտո Ռոխասների հարազատներին, որոնք անհետացել են 1973թ. հոկտեմբերին: Մյուս 2 ընդդիմադիրների ընտանիքներին կվճարեն 272.000 դոլար և 16.000 դոլար՝ համապատասխանաբար:

 

Չիլիում 1973թ. սեպտեմբերին ռազմական հեղաշրջումը գլխավորել է գեներալ Աուգուստո Պինոչետը, ով այնուհետև գրավել է իշխանությունը հարավամերիկյան երկրում և փոխանցել այն քաղաքացիական կառավարությանը միայն 1990-ին:
 

Ըստ պաշտոնական տվյալների` Պինոչետի կառավարման օրոք Չիլիում սպանվել է մոտ 3.200 մարդ, մոտ 1.200-ը անհետ կորել են, իսկ բռնությունների է ենթարկվել մոտ 28.000 մարդ: Անձամբ Պինոչետի հանդեպ հարուցվել է քրեական գործ, սակայն նա 2006-ին մահացել է:

 

Չիլիում Պինոչետի ռեժիմի զոհերի ընտանիքներին 1.3 մլն դոլար փոխհատուցում կվճարեն