Հայաստանի հակակոռուպցիոն ինդեքսում հետընթաց, ըստ էության, չի եղել. Վարուժան Հոկտանյան

12:13 • 27.01.16

Հաշվի առնելով, որ Հայաստանի համար կոռուպցիայի ինդեքսի գնահատման 6 աղբյուրներից այս տարի չկա մեկը` Համաշխարհային բանկը, ապա կարելի է արձանագրել, որ Հայաստանի համար 2 միավորով հետընթաց չի արձանագրվել, և այդ թիվը նույնն է` 35: Այսինքն` Հայաստանի ինդեքսի համար էական է եղել աղբյուրի փոփոխությունը:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Transparency International» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ, կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը` մեկնաբանելով «Transparency International» կազմակերպության  օրերս  հրապարակված զեկույցը , որով` Հայաստանում կոռուպցիայի ընկալման ցուցիչը 100 միավորանոց գնահատման համակարգում գնահատվել է 35 միավոր՝ անցյալ տարվա 37-ի փոխարեն: Հայաստանն  այդ միավորներով 167 երկրների շարքում զբաղեցրել է 95-րդ հորիզոնականը:


«Ինչն է հետաքրքիր, ես վերցրեցի անցած տարվա տվյալները, երբ դեռ կար Համաշխարհային բանկը՝ որպես գնահատման աղբյուր։ Այս տարի գնահատման 6 աղբյուրներից 1-ը` ՀԲ-ն հանվել է և ՀԲ գնահատականները նախկինում եղել են բարեհաճ: Եվ 3 տարիների տվյալներից հանեցի, նորից ստացվեց նույն թիվը` 35»,- ասաց նա։ Բացի այդ, այդ 2 տոկոսը գտնվում է վիճակագրական սխալի սահմաններում:


Համեմատության համար նշենք, որ Վրաստանը 48-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 66-րդում, Ադրբեջանը՝ 119-րդում, Իրանը՝ 130-րդում: Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին կիսել է 119-րդ հորիզոնականը: Ամենաքիչ կոռումպացված երկրների վարկանիշային աղյուսակը գլխավորում են Դանիան, Ֆինլանդիան և Շվեդիան, իսկ ամենակոռումպացված երկրներինը՝ Սոմալին, Հյուսիսային Կորեան և Աֆղանստանը: Նշենք, որ Հայաստանը աշխարհի  հակակոռուպցիոն ցուցակում ընդգրկվում է սկսած 2003 թվականից:


«Միակ հուսադրող բանն այն է, որ շատ երկրներում է առաջընթաց գրանցվել և իրավիճակը ավելի քիչ երկրներում է վատացել»,- նշեց բանախոսը:

 

Հայաստանի հակակոռուպցիոն ինդեքսում հետընթաց, ըստ էության, չի եղել. Վարուժան Հոկտանյան