Պուտինը կարող է հետ վերցնել Վրաստանն Արևմուտքից. The Washington Post

11:04 • 27.01.16

Ռուսական ազդեցությունը Վրաստանում աճում է, գրում է Սև ծովի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերով վերլուծաբան Մայքլ Հիկարի Սեսայրը The Washington Post-ում:

 

Ինչպես նշվում է հոդվածում՝ երկրում աճում է Եվրասիական տնտեսական միության նկատմամբ դրական վերաբերմունքը, և հնարավոր է, որ ռուսական ազդեցությունը նույնպես աճում է։

 

Վերջին տարիներին անցկացված հարցումների տվյալները վկայում են ԵՏՄ-ի նկատմամբ վրացական աջակցության ակնհայտ և կայուն աճի մասին։ Դրա հետ մեկտեղ աճում է քաղաքական աջակցությունը Վրաստանում հակաարևմտյան և ռուսամետ քաղաքական միավորումների նկատմամբ։

 

Ինչպես գրում է հեղինակը՝ Վրաստանը, հավանաբար, Բալթյան երկրներից դուրս հետխորհրդային ամենակայուն և ամենաժողովրդավարական երկիրն է և հավանաբար վերջին հույսը տարածաշրջանում: ԱՄՆ-ն և Եվրոպան միլիարդավոր դոլարներ են ուղղել երկիր՝ ժողովրդավարության և տնտեսական զարգացման համար, և Թբիլիսին խանդավառությամբ է ընդունել արևմտականացումը:

 

Տարիների ընթացքում ռուսամետ կուսակցություններն ավելի ու ավելի շատ քաղաքացիների ձայներ են բերում ընտրություններում:

 

Վերջին հարցումները և այլ տվյալներ ցույց են տալիս, որ հնարավոր է՝ այս տարվա հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում ռուսամետ ձայները մեծ աճ գրանցեն: Հեղինակը նշում է, որ հավանական է, որ ռուսամետ կուսակցությունները բավականաչափ տեղեր ստանան խորհրդարանում՝ Վրաստանի ներկայիս արևմտամետ քաղաքական համերաշխությունը վերացնելով:

 

Պուտինը կարող է հետ վերցնել Վրաստանն Արևմուտքից. The Washington Post