Հայ-ռուսական ՄՀ նիստին քննարկվել է ՍՈՒ 30 կործանիչների ձեռքբերման հարցը. Ս. Օհանյան
Հայաստանի Զինված ուժերի զարգացման պլանում առկա է բոլոր զինատեսակների զարգացման և նոր միջոցների ձեռքբերմանը համաչափորեն տեղ տալը: Այս մասին լրագրողների հետ 2015 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հաստատելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո տարածված տեղեկությունը , որ քննարկվել էր ՍՈՒ 30 կործանիչների ձեռքբերումը:
Ի պատասխան հարցի էլ, որ հայկական սահմանի մոտ թուրք-քրդական բախումներից վտանգի ինչ գնահատականներ կան նախարարությունում, Սեյրան Օհանյանն ասաց. «Նախ, պաշտպանական ռազմավարական վերանայման շրջանակներում մենք գնահատել ենք բոլոր այն սպառնալիքները , որոնք կան անվտանգության միջավայրից ելնելով և հաշվի ենք առել այն իրադարձությունները , որոնք տեղի են ունենում մեր հարևան պետությունում` մեր սահմանին: Եվ այս առումով , Ազգային անվտանգության ծառայության և այլ կառույցների հետ համապատասխան պլանավորում ենք իրականացնում»:
Սա առաջին հերթին սահմանային ծառայության խստացումն է, համագործակցությունն է ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների և սահմանապահների հետ. «Եվ եթե լինեն փախստականներ, նրանց ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացում ենք։ «Շանթ 2015» զորավարժության ժամանակ սա փորձարկվեց զորավարժության գործնական մասում»:
Նախարար Սեյրան Օհանյանը կրկնեց իր նախորդ հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ է հատկապես Թուրքիայից եկող սպառնալիքը չեզոքացնելու համար:
«Հիմա էլ եմ կրկնում, որ ՀԱՊԿ-ի հնարավորությունները և՛ նրանց տարածաշրջանային համակարգերի ձևավորման, և՛ ՀԱՊԿ համակարգում մեր ռազմավարական գործընկերոջ հետ միացյալ զորախմբի կազմում ունենք համապատասխան պլանավորում, մենք տարեցտարի բարձրացնում ենք մեր կարողությունները հատկապես՝ օպերատիվ ծավալման, զորահավաքային պատրաստության առումով»,- նշեց նախարարը:










