Բանակը մեր երկրի ու ժողովրդի հպարտությունն է. ՀՀ վարչապետ
Անկախության տարիների ընթացքում կարողացանք մի կառույց ունենալ, որը ոգևորում է հայ ժողովրդին՝ դա Հայոց բանակն է. Բանակի տոնի առիթով այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք իրոք հպարտանալու առիթ ունենք, ձեռքբերումը շատ մեծ է, որն ապահովում է մեր պետության, մայր հայրենիքի անվտանգությունը: Մեր բանակը մեր երկրի, մեր ժողովրդի հպարտությունն է»,- ասաց նա:
Վարչապետը առանձնակի շնորհավորական խոսք հղեց բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին՝ օրվա առիթով: «Ուզում եմ ողջույնի խոսքը հղել այս պահին այն զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները»,- ասաց նա:
Թեմայից դուրս այլ հարցերի վարչապետ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել: Հովիկ Աբրահամյանին մոտեցավ մի կին՝ նամակով և խնդրեց, որ բանակում վիրավորված իր տղայի պրոթեզավորմանն աջակցեն՝ շեշտելով, որ Պաշտպանության նախարարությունը օգնություն ցուցաբերել է, սակայն դեռևս օգնության կարիքը կա:










