Դիրքում կանգնած զինվորը մեր սրբությունն է, բանակն էլ՝ եկեղեցին. Դավիթ Ամալյան

14:15 • 28.01.16

 


Այսօր Բանակի 24-րդ տարեդարձի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին երգահան Դավիթ Ամալյանը և գրականագետ Դավիթ Գասպարյանը նկատեցին, որ չնայած անկախություն ձեռք բերելուց Հայաստանը կորցրեց շատ արժեքներ, բայց ստեղծեց մի անչափ կարևոր արժեք՝ Հայոց բանակը:


Երգահան Դավիթ Ամալյանը, ով դեռահաս տարիքում մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, խոսելով օրվա խորհրդի մասին, ասաց. «Այսօր դիրքում կանգնած զինվորը  մեր սրբությունն է, բանակն էլ՝ եկեղեցին: Հայրենասիրություն գոռալով՝ հայրենասեր չեն դառնում: Իրական հայրենիք սիրողը և հայրենիքի համար կռվողը դա անում է լուռ՝ առանց կուրծք ծեծելու: Մենք օրինակ մեր ջոկատով խնդիր էինք դրել մեր առջև, որ զինվորական հագուստով քաղաքում չերևանք»։
 

Գրականագետ Դավիթ Գասպարյանը, խոսելով բանակի մասին, նշեց, որ պարբերաբար հանդիպում է զինվորներին և նրանց մեջ տեսնում հայրենիքի իրական պաշտպաններ:


«Ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ մեր զինվորների հետ, այցելում տարբեր զորամասեր: Նրանց մեջ տեսնում են այն ոգին, որն անհրաժեշտ է հայրենիք պահելու համար: Այս ամենի հետ մեկտեղ, անսահման ծանր եմ տանում ամեն մի զինվորի մահ՝ թե՛ թշնամու կրակոցից, թե՛ խաղաղ պայմաններում»,-ասաց նա։
 

Դավիթ Գասպարյանը նկատեց, որ աշխարհաքաղաքական իրավիճակը անընդհատ փոխվում է, և պետք է ամեն ինչի պատրաստ լինել:

 

«Մեր բանակը պետք է լավ պահել՝ հատկապես ոգին: Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ամեն ինչ հնարավոր է, և մեր անվտանգության միակ երաշխավորը  մեր բանակն է»,–ասաց նա։