Իտալական քաղաքում 28 տարվա ընդմիջումից հետո առաջին երեխան է ծնվել
Իտալական Օստանա քաղաքում 28 տարվա մեջ առաջին երեխան է ծնվել. գրում է gazeta.ru-ն:
Նորածնի շնորհիվ՝ բնակավայրի բնակիչների թիվը հասել է 85-ի: Նրանցից 41-ը Օստանայում են բնակվում ողջ տարին:
«Հրաշալի է, որ այստեղ վերջապես ինչ-որ մեկը ծնվեց»,-հայտարարել է քաղաքապետ Ջակոմո Լոմբարդոն: Նրա խոսքով՝ երեխայի լույս աշխարհ գալը վկայում է այն մասին, որ տեղի իշխանությունների փորձերը՝ կասեցնելու բնակչության նվազումը՝ «դանդաղորեն սկսում են աշխատել»:
Լոմբարդոն հիշեցրել է, որ 100 տարի առաջ Օստանան ծաղկուն քաղաք է եղել, որտեղ բնակվել է ավելի քան 1000 մարդ: Հետագա տարիներին բնակչության թիվը կրճատվել է՝ մինչև 700, ապա շարունակել է արագորեն նվազել:
1980-ական թվականներին Օստանայում մշտապես բնակվել է միայն 5 մարդ:
Առաջիկա հանգստյան օրերին քաղաքում մտադիր են նշել նոր բնակչի ծնունդը: Երեխան իսպանացի ներգաղթյալ Խոսե Բերդուգո Վալելագոյի և իտալուհի Սիլվիա Ռովեռեի զավակն է:










