Եվրոպայի խորհուրդը Հայաստանին հորդորում է արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ

13:25 • 29.01.16

Եվրոպայի խորհուրդը Հայաստանին հորդորում է արդյունավետ պետական քաղաքականություն վարել փողերի լվացման դեպքերը հետաքննելու և դատական կարգով հետապնդելու ուղղությամբ։ Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից:

 

Եվրոպայի խորհրդի փորձագետները հայտնաբերել են զգալի թերացումներ Հայաստանում փողերի լվացման դեպքերի հետաքննության և դատական կարգով հետապնդման գործընթացում և հորդորել են իշխանություններին անհապաղ քայլեր ձեռնարկել ապահովելու համար, որ օրենքի կիրառման ջանքերն ամբողջությամբ համաչափ լինեն փողերի լվացման հետ կապված վտանգներին։

 

Հաղորդագրությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, Հայաստանը բավարար առաջընթաց է գրանցել հուսալի իրավական դաշտ հիմնելու ուղղությամբ, և ֆինանսական սեկտորն արդյունավետ է գործել կանխարգելիչ միջոցառումների կիրառման գործում։ Ահաբեկչության ֆինանսավորումը և տարածումը բացահայտելու և կանխելու մեխանիզմները զգալիորեն արդյունավետ են, նշվում է հաղորդագրությունում։

 

Փողերի լվացման առնչությամբ ամենաշատը վտանգ են ներկայացնում խարդախությունը, հարկերից խուսափումը, մաքսանենգությունը և յուրացումը: Հայաստանի տնտեսությունում բանկային և անշարժ գույքի սեկտորներն ամենախոցելին են փողերի լվացման համար։

 

Ֆինանսական տեղեկությունները շատ արդյունավետ են հավաքվում, բայց օրենքի կիրառումը հաճախ արդյունավետ չի օգտագործում դրանք որպես հանցանշաններ կիրառելու, ինչպես նաև փողերի լվացումից ստացված հանցավոր շահույթների հետապնդումների և առգրավումների իրականացման համար։

 

Սրանք Հայաստանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ միջոցառումների գնահատման վերաբերյալ փորձագետների հանձնաժողովի վերջին զեկույցի հիմնական եզրակացություններն են։

 

Զեկույցը վերլուծում է Հայաստանի կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման միջազգային չափանիշների իրականացումը 2009 թվականին վերջին գնահատումից հետո և խորհուրդ է տալիս գործողությունների ծրագիր իրականացնել՝ թերությունները շտկելու համար:

 

Հայաստանը պետք է զեկուցի ձեռնարկված միջոցառումների մասին 2018 թվականի ապրիլին, մինչ այդ՝ 2016 թվականի դեկտեմբերին հանդես գալով գործողությունների ծրագրի որոշ հայեցակետերի վերաբերյալ միջանկյալ զեկույցով։

 

Եվրոպայի խորհուրդը Հայաստանին հորդորում է արդյունավետ պայքարել փողերի լվացման դեմ