Լուկաշենկոն ու Պուտինը պայմանավորվել են հանդիպել՝ Ուկրաինայի և այլ հարցերի շուրջ խոսելու համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է korrespondent.net-ը։
Համաձայն Լուկաշենկոյի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ կողմերի ուշադրությունը կենտրոնացել է երկու խոշոր իրադարձությունների՝ Բարձրագույն պետական խորհրդի նիստի, որը տեղի է ունենալու փետրվարի վերջին Մինսկում, և Ռուս-բելառուսական տարածաշրջանային երրորդ ֆորումի վրա, որը նույնպես կանցկացվի Բելառուսի մայրաքաղաքում՝ հունիսին:
«Ինչպես այսօրվա, այնպես էլ նախատեսվող երկու միջոցառումների հիմնական թեման տնտեսությունն է… Հեռախոսազրույցում խոսքը ստեղծված պայմաններում գործողությունների համաժամանակեցման միջոցների մասին էր»,- ասված է հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նշվում է, որ Լուկաշենկոն և Պուտինն «ուշադրություն են դարձրել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ԵՄ-ի հետ Ուկրաինայի համաձայնագրի ուժի մեջ մտնելու վրա և այդ առնչությամբ քննարկել են երկրների գործողություններն այդ պայմաններում մոտ հեռանկարում»:
«Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակներս և փակ, ավելի հանգամանալից զրույցում քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերը»,- նշվում է հաղորդագրությունում:










