2015 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար լարված ու բարդ ժամանակաշրջան էր. Աշոտ Մելիքյան

14:15 • 29.01.16

 

Այսօր կայացած մամուլի ասուլիսին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ 2015թ. տարեկան զեկույցը:
 

Մելիքյանը ընդգծեց, որ այս տարվա 82 էջանոց զեկույցն ամենահաստափորն է կոմիտեի 13 տարվա գործունեության ընթացքում:
 

«2015 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար լարված ու բարդ ժամանակաշրջան էր: Տարին հագեցած էր քաղաքացիական շարժումներով ու ցույցերով, կարևոր քաղաքական իրադարձություններով, որոնցից ամենանշանակալին սահմանադրական փոփոխությունների ու դրանց հետ կապված հանրաքվեի գործընթացն էր» նշեց բանախոսը և հավելեց, որ հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանական գործողությունները ու լրագրողների և օպերատորների աշխատանքի խոչընդոտումներն աննախադեպ էին։
 

«Այդ օրը ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 13 աշխատակիցներ, ԶԼՄ-ների ևս 11 ներկայացուցիչ բախվել է այլ անօրինական խոչընդոտումների»,-ասաց նա։
 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահն ասաց, որ 2015թ ԽԱՊԿ-ն արձանագրել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 դեպք և ընդգծեց, որ չնայած այս ցուցանիշը մեկով պակաս է 2014թ-ի համեմատությամբ, սակայն տուժած լրագրողների քանակով տարին աննախադեպ էր՝ 23:
 

Ըստ ԽԱՊԿ զեկույցի՝ ընդհանուր առմամբ 2014թ. համեմատ 2015թ-ին աճ է արձանագրվել թե՛ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, թե՛ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ, թե՛ տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի առումներով:

2015 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար լարված ու բարդ ժամանակաշրջան էր. Աշոտ Մելիքյան