Ավետիսյանների սպանության գործով դատավարությանը հրապարակվեց վկա Լուսինե Ավետիսյանի նախաքննական ցուցմունքը (ուղիղ)

12:59 • 29.01.16

Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության գործով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մեկնարկած դատավարությունը 2 րոպեով ընդմիջվեց . հայտնի դարձավ, որ վկա Լուսինե Ավետիսյանը՝ Ավետիսյանների դուստրը, ով պետք է հարցաքննվեր, իրեն լավ չի զգում, և դատարանին միջնորդվեց, որ հրապարակվի իր նախաքննական ցուցմունքը:  Դատարանում գործի հատորից այդ ցուցմունքն առանձնացնելու համար ժամանակ պահանջվեց:

 

Ցուցմունքն ընթերցեց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանը:

 

Ըստ այդմ, սովորության համաձայն՝ Լուսինե Ավետիսյանն ամեն առավոտ Երևանից զանգահարել և խոսել է ընտանիքի անդամների հետ։ Նշված օրը` 2015-ի հունվարի 12-ին, ժամը 10-ի մոտակայքում զանգահարել է հորը, սակայն նրա երկու համարներն էլ անհասանելի են եղել, հետո զանգել է եղբորը` Արմենին, սակայն նա ևս չի պատասխանել։ Հետո  իրեն զանգահարել է իր բարեկամներից մեկը և խնդրել Լուսինեի ամուսնու հեռախոսահամարը:  Ամուսինը քիչ հետո տուն է եկել և կնոջ անհանգստացած հարցերին ի պատասխան` ասել է, որ ամեն ինչ նորմալ է:  Իսկ ընտանիքի սպանության մասին տեղեկացել է հեռուստատեսությամբ:

 

Նա նաև հավելել է, որ ռուսական ռազմաբազայի հետ որևէ կապ չեն ունեցել, Վալերի Պերմյակովին չի ճանաչել, սակայն կարծիք է հայտնել, որ  նա միայնակ չէր կարող գործել, քանի որ վստահ է, որ  հայ տղամարդը՝ իր եղբայրն ու հայրը կձեռնարկեին քայլեր, որպեսզի պաշտպանեին ընտանիքը:

 

«Ասեմ, որ իմ ընտանիքը եղել շատ համեստ, շնորհքով ընտանիք, արդար վաստակով ապրող մարդիկ են եղել, որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեն եղել»,-նշել է Ավետիսյանների դուստրը:

 

Լուսինե Ավետիսյանի նախաքննական ցուցմունքից հետ ամբաստանյալ Վալերի Պերմյակովին նախագահողը հարցրեց՝ հարցեր ունի՞, ինչին նա բացասական պատասխան տվեց։


Հիշեցնենք, որ վերջին դատական նստում Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր ճանաչեց, իսկ դրանից առաջվա դատական նիստում, սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները գործով արտագնա դատական նիստի ժամանակ միջնորդություն ներկայացրին՝ դատավորին և դատախազին ինքնաբացարկ անելու պահանջով:

 


 

 

Ավետիսյանների սպանության գործով դատավարությանը հրապարակվեց վկա Լուսինե Ավետիսյանի նախաքննական ցուցմունքը (ուղիղ)