Գերմանացիների մոտ 40%-ը կողմ է Մերկելի հրաժարականին. հարցում
Գերմանիայի բնակիչների մոտ 40%-ը պահանջում է կանցլեր Անգելա Մերկելի հրաժարականը՝ փախստականների ճգնաժամի հարցում նրա դիրքորոշման պատճառով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին վկայում են INSA ինստիտուտի անցկացրած հարցումները, որոնք արվել են գերմանական Focus ամսագրի համար։
2015 թվականին Գերմանիան ընդունել է մոտ 1.1 մլն փախստական:
Հարցվածների 39,9%-ը կողմ են հանդես եկել Մերկելի հրաժարականին։ Կանցլերի հրաժարականը պահանջողների մեծ մասն «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության համախոհներն են։
Կարծիքին, որ միգրացիոն ճգնաժամի հարցում կանցլերի քաղաքականությունը պատճառ չէ նրա հրաժարականի համար, աջակցել է հարցվածների 45.2%-ը:
Հունվարի 22-25-ին անցկացված հարցումներին մասնակցել է Գերմանիայի 2047 բնակիչ:
Քննարկումներն այն մասին, որ երկիրը չափազանց շատ ներգաղթյալներ ու փախստականներ է ընդունում, որոնք չեն ինտեգրվում գերմանական հասարակությանը, ակտիվացել են երկրի մի շարք քաղաքներում՝ մասնավորապես Քյոլնում Ամանորին կանանց դեմ իրականացված բռնությունների պատճառով:










