Հունվարի 28-ի գիշերը Վարդենիսում պաշտոնապես գրանցվել է -31, Արարատյան դաշտում, Արմավիրում՝ մինչև -19 աստիճան ցուրտ
Հունվարի 28-ի գիշերը Վարդենիսում պաշտոնապես գրանցվել է -31, Տաշիրում -29, Գյումրիում, Շորժայում, Ապարանում, Սիսիանում՝ -27, Արարատյան դաշտում, Արմավիրի հատվածում՝ մինչև -19 աստիճան ցուրտ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Այսօրվանից սկսած օդային հոսանքները փոխում են իրենց ուղղությունը հյուսիս-արևմտյանից դառնալով հարավ-արևմտյան, ներկա պահին հանրապետության տարածքում նկատվում է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում, երեկվա համեմատ մոտ 5-10 աստիճանով: Հատկապես ուժեղ տաքացում է նկատվում Լոռիում, Տավուշում և Սյունիքում»,-նշեց Գագիկ Սուրենյանը:
Տաքացումը կշարունակվի մինչև հունվարի 31-ը ներառյալ: Հունվարի 30-ին երկրի ողջ տարածքում կամպի, հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Վայոց ձորի լեռնային գոտիներում հնարավոր է թույլ ձյուն: Կա թույլ ձյան փոքր հավանականություն նաև Երևանում:
«Իսկ ինչ վերաբերվում է այս տարվա հունվարին, այո, այն աչքի է ընկնում ջերմաստիճանի մեծ տատանումներով, ջերմաստիճանը կամ զգալի նորմայից ցածր է, կամ զգալի բարձր, բայց տաք օրերը գերակշռող են եղել, ամսվա մեջ ընդամենը 5 օրն է, որ եղանակը ցուրտ է եղել»,–ասաց մասնագետը:










