Գերմանացի գործիչն առաջարկել է կրակել ապօրինի ներգաղթյալների վրա

15:10 • 01.02.16

Գերմանիայի ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում պետք է կրակ բացի անօրինական ճանապարհով երկիր մտնել փորձող ներգաղթյալների վրա։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներից Ֆրաուկե Պետրին, տեղեկացնում է Lenta.ru-ն։

 

Նրա խոսքով՝ օրենքի պահապանները պետք է կասեցնեն Ավստրիայից Գերմանիա մտնել փորձողների հոսքը։ Նման դեպքերում, նրա կարծիքով, զենքի կիրառումն անհրաժեշտ է։

 

«Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, սակայն... ծայրահեղ դեպքում... Սահմանին արտակարգ իրադրության դեպքում զենքի կիրառումն անհրաժեշտ է։ Այդ մասին ասված է օրենքում»,-ասել է Պետրին։

 

Նրա բառերը քննադատել են ինչպես մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

 

Գերմանիայի ոստիկանության արհմիությունը հայտարարել է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն կրակելու մարդկանց։

 

Հունվարի 30-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է փախստականներին հետ ուղարկել հայրենիք, երբ ավարտվեն ռազմական գործողությունները։

Գերմանացի գործիչն առաջարկել է կրակել ապօրինի ներգաղթյալների վրա