2 անձ բերման է ենթարկվել՝ դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար
20.13
«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով այսօր կազմակերպված ակցիայից հետո 2 հոգու բերման են ենթարկել դատախազության շենքի վրա ձվեր նետելու համար։
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատից հայտնում են, որ բերման ենթարկվածներն են Վարազդատ Բարսեղյանը և Փայլակ Թևանյանը, ովքեր այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնում են:
18.56
Դատախազության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները, ովքեր պահանջում են ազատ արձակել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանին, թեև ներկայացրեցին իրենց դիմումը Դատախազությանը, սակայն անտեղի համարեցին դրա հետ մեծ հույսեր կապելը:
Լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը, անդրադառնալով Գևորգ Սաֆարյանի նկատմամբ ճնշումներին, ասաց. «Ներկա պահին ճնշումները կարծում եմ, որ մի քիչ նահանջել են, սակայն համոզված եմ, որ երբ դրսից ճնշումները իշխանությունների նկատմամբ թուլանան, նրանք կանեն իրենց սև գործը: Դա ստիպում է մեզ, պարտավորեցնում է, որ մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, ովքեր շատ լավ հասկանում են իրավիճակը, լինեն այստեղ և լինեն հետևողական»։
Ի դեպ նրան մոտեցավ ոստիկանության ներկայացուցիչը և խնդրեց փոխանցել հավաքի մասնակիցներին, որպեսզի հավկիթներ չնետեն, այլապես արարքը կատարող անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Բողոքի ակցիայից հետո քաղաքացիները հեռացան դատախազության մոտից:
18.45
Բողոքի ակցիայի մասնակիցները հանձնեցին իրենց դիմումը դատախազությանը՝ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով
Դատախազության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները, որոնք պահանջում են ազատ արձակել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանին, իրենց բողոքը դատախազությանը փոխանցելու համար դիմել էին ոստիկանությանը:
«Մեզ մոտեցավ ոստիկանության մի փոխգնդապետ և վստահեցրեց, որ մեր խոսքը մեր պահանջը փոխանցել են Դատախազության ներկայացուցչին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը և նշեց, որ ցանկանում են իմանալ, թե ինչ արձագանք են ստացել Դատախազության ներկայացուցչից:
Ի վերջո ոստիկանները թույլատրեցին ակցիայի մասնակիցներից մեկին անձամբ հանձնել դիմումը դատախազությանը: Դիմումը փոխանցելուց հետո ակցիայի մասնակիցը նշեց, որ իրեն ընդունել է ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ, ով նույնիսկ չի կարողացել ասել, թե դիմումի պատասխանը երբ կարող են ստանալ և միայն իր հեռախոսահամարն է փոխանցել:
18.15
Շարունակվում է մի խումբ քաղաքացիների՝ դատախազության մոտ կազմակերպած ակցիան. նրանք պահանջում ենք վերացնել Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանին նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, և նրան ազատել կալանքից, կամ փոխել խափանման միջոցը:
«Պահանջում ենք նաև պատասխանատվության ենթարկել քաղաքացիների նկատմամբ ապօրինի կերպով բռնություն գործադրած ոստիկաններին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը և նշեց, որ 2015 թվականին ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ տարբեր ակցիաների ժամանակ:
Նրանք դիմեցին ոստիկաններին, որ նրանք փոխանցեն Դատախազության աշխատակիցներին, որ դուրս գա համապատասխան լիազորություններ ունեցող որևէ մեկը և փոխանցեն իրենց դիմումը:
«Պահանջում ենք, որ ՀՀ-ում արդարադատությունը չկրի ձևական բնույթ, որ ձերբակալվեն քրեական հանցագործները և ազատ արձակվեն Գևորգ Սաֆարյանի նման մարդիկ»,-ասացին նրանք:
Ակցիայի մասնակիցները պահանջեցին նաև վերանայել Հայկ Կյուրեղյանի գործը: Հիշեցնենք, որ վերջինս ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:
«Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
17.51
Մի խումբ քաղաքացիներ դատախազության մոտ ակցիա են կազմակերպել՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով, քանի որ գտնում են, որ նա քաղաքական դրդապատճառներով են ձերբակալել:
«Գևորգ Սաֆարյանը հանցագործ չէ, այլ նա քաղաքական դրդապատճառներով է ձերբակալված, իսկ դրա ապացույցն այն է, որ վերջին նա 3 տարիներին քաղաքական գործունեությամբ է զբաղված եղել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը և նշեց, որ վերջին մեկ ու կես տարիներին նրա նկատմամբ բռնաճնշումներ են եղել:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Գ. Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գևորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան կամ ինչպես հայտնի է՝ Հրեշտակապետ Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Սաֆարյանին և «Նոր Հայաստան»-ի մի քանի անդամներին բերման էին ենթարկել Ամանորի գիշերը, Ազատության հրապարակից, ոստիկանության ներկայացուցիչների հետ բախումներ ունենալուց հետո:










