Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ երկու բարեկամ երկրների միջև ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Թինաթին Խիդաշելին ներկայացրել է իր այցելության նպատակները, Պաշտպանության նախարարությունում ունեցած հանդիպման արդյունքները։
Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի, պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորություններին։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։










