Վահան Շիրխանյանի փաստաբանը միջնորդել է նրան բուժհիմնարկ տեղափոխելու համար
Նորք-Մարաշի զինված խմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննող մարմնին իր պաշտպանյալի նկատմամբ փոխելու խափանման միջոցը և անհապաղ տեղափոխելու Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն: Tert.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ Վահան Շիրխանյանը կարիք ունի լիարժեք հետազոտության ու անհրաժեշտության դեպքում նաև ՝ վիրահատության:
«Առողջական վիճակն այս պահի դրությամբ շատ վատ է, ինչը պայմանավորված է մի ոտքի երակի մեջ առկա թրոմբի առկայությամբ: Մենք արդեն իսկ բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ մյուս ոտքը նույն խնդրով վիրահատվել է՝ հեռացրել են երակը: Հիմա ամեն րոպե կարող է երակը խցանվել, ինչի հետևանքները անդառնալի են: Նա նաև ունի սրտի հետ կապված խնդիր: Սա մտահոգվելու տեղիք է տալիս ու այդ պայմաններում, որ գտնվում է, չի կարող պահպանել իր առողջությունը»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ ակնկալում են, որ նախաքննող մարմինը վաղն իրենց կպատասխանի:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կասկածվում է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:
Վահան Շիրխանյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:










