Թուրքիան իր օդային տարածքի խախտման մասին տվյալները ՌԴ-ին չի տրամադրել
Թուրքական կողմն Անկարայում ՌԴ դեսպանատանը չի ներկայացրել ռուսական Սու-34 ինքնաթիռի կողմից թուրքական օդային տարածքը խախտելու մասին տվյալներ։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության ու մամուլի բաժնից։
«Թուրքիայի օդային տարածքի հնարավոր խախտման մասին որևէ նյութ կամ տվյալ թուրքական կողմը չի տրամադրել»,-ասել է զրուցակիցը։
«Թուրքական կողմի բոլոր հայտարարությունները, դիվանագիտորեն ասած, չեն համապատասխանում իրականությանը»,-ընդգծել է նա։
Թուրքիայի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը։ Համանման հայտարարությամբ էր հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտում չի եղել, իսկ թուրքական կողմի հայտարարությունները «քարոզչություն են»։










