ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունը

09:53 • 02.02.16

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսի հարավային Սեիդ Զեյնաբ արվարձանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որն իրականացրել են ԻՊ-ի ահաբեկիչները հունվարի 31-ին։

 

Խորհրդի անդամները նաև կոչ են արել սիրիական հակամարտության կողմերին կառուցողական մասնակցություն ունենալ ժնևյան բանակցություններին և պահանջել են անհապաղ թույլ տալ մարդասիրական գործակալությունների ներկայացուցիչների մուտքը՝ բնակչությանն օգնելու համար, գրում է РИА Новости-ն։

 

Այդ մասին ասվում է մամուլի համար տարածված հաղորդագրությունում։

 

«Անվտանգության խորհրդի անդամները լրջորեն դատապարտել են ահաբեկչական հարձակումը Սեիդ Զեյնաբում»,- ասվում է հայտարարությունում և նշվում, որ պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։

 

ԱԽ-ն հայտարարել է նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքի մասին, որը ներկայացնում է ահաբեկչությունը` «իր բոլոր ձևերով ու դրսևորումներով»։
 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունը