Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է գրիպից 171 մահացածի մասին

00:46 • 02.02.16

Համաճարակային սեզոնի սկսվելուց ի վեր Ուկրաինայում գրիպից մահացել է 171 մարդ: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում, հաղորդում է korrespondent.net-ը:

«Համաճարակային սեզոնի սկսվելուց ի վեր օպերատիվ տվյալներով գրանցվել է լաբորատոր կերպով հաստատված 171 մահացու դեպք գրիպից, նրանցից 2-ը մինչև 17 տարեկան երեխա է»,- ասված է հաղորդագրությունում:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ մահվան դեպքերի առավել մեծ թիվը Օդեսայի շրջանում է գրանցվել՝ 33 դեպք: Նշվում է, որ բժշկական օգնության ժամանակին դիմել է մահացածների միայն մեկ երրորդը:

Նախարարությունում նաև հայտնել են, որ համաճարակային սեզոնի սկսվելուց ի վեր Ուկրաինայում գրանցվել է ավելի քան 3,2 միլիոն գրիպով և սուր շնչառական հիվանդություններով հիվանդ, որոնց 62,9 տոկոսը կազմում են մինչև 17 տարեկան երեխաները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևում գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակի համաճարակ է բռնկվել։ Գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակով հիվանդությունների համաճարակային շեմը գերազանցվել է 12,8 տոկոսով։

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է գրիպից 171 մահացածի մասին